National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
24.11.2022
Առաջարկվում է վերանայել ԱԱԾ մարմիններում ծառայության սահմանային տարիքային շեմը
1 / 1

Ներկայումս ենթասպայական կազմի եւ սպայական` մինչեւ փոխգնդապետ կոչում ունեցողների համար տարիքային շեմը 50 տարեկանն է, իսկ գնդապետի համար` 55-ը, որն էապես ցածր է զինվորական եւ դրան հավասարեցված այլ ծառայությունների համար ոլորտային օրենքներում նախատեսված սահմանային տարիքից: Առաջարկվում է վերանայել ԱԱԾ մարմիններում ծառայության սահմանային տարիքային շեմը. ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը նոյեմբերի 24-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում:

Քննարկվել են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» եւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:

Անդրանիկ Սիմոնյանը նշել է, որ այս սահմանափակումները հաճախ խոչընդոտներ են ստեղծում համակարգում որակյալ կադրերի համալրման տեսանկյունից: Նախագծով առաջարկվում է ԱԱԾ մարմիններում ծառայողների` բացառությամբ բարձրագույն սպայական կազմի,  սահմանային տարիքը ավելացնել 2 տարով: Առաջարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքների տրամաբանությամբ նշված պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը 5 տարվա փոխարեն մինչեւ 10 տարով երկարաձգելու հնարավորություն նախատեսել:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ նախագծով ԱԱԾ տնօրենին վերապահվում է իրավունք ծառայությունից արձակելու նաեւ դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած այն ծառայողին, որի նկատմամբ քրեական հետապնդումը չի իրականացվել կամ այն դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող, չարդարացնող հիմքերով:

ԱԱԾ տնօրենի տեղակալն առաջարկում է նաեւ ծառայողներին արտահերթ ատեստավորել ԱԱԾ ստորաբաժանումների ղեկավարների հիմնավորած զեկուցագրերի հիման վրա` ծառայության տնօրենի որոշմամբ: Առաջարկվել է նաեւ կատարել մի շարք տեխնիկական փոփոխություններ:

Անդրանիկ Սիմոնյանի գնահատմամբ փոփոխությունները կլուծեն ՀՀ ազգային անվտանգության մարմինների գործունեության ընթացքում առաջացող գործնական խնդիրները, կբարձրանա կադրային քաղաքականության արդյունավետությունը, կբարելավվի ծառայության որակը, կհստակեցվեն լիազորությունները:  Օրենքների նախագծերի փաթեթի հրատապ ընդունումը թույլ կտա հնարավորինս շուտ կանխել ազգային անվտանգության համակարգից արհեստավարժ կադրերի հնարավոր արտահոսքը, թափուր պաշտոնները համալրել մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող կադրերով:

Քննարկման ընթացքում պատգամավորներն անդրադարձել են հակահետախուզական եւ օպերատիվ-հետախուզական գործունեության խնդիրներին:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ հաճախ այդ գործողություններին վերաբերող հասկացությունները նույնացվում են. առանձին դեպքերում դրանք ունեն արտաքին նմանություններ, բայց իրապես տարբեր են: Նա առաջարկել է այդ տարանջատումն ամրագրել օրենսդրորեն: Կադրային բազայի համալրման մասով պատգամավորը նշել է, որ առաջարկներ չունի:

Վիլեն Գաբրիելյանի` ազգային անվտանգության մարմինների գործունեությանը վերաբերող առաջարկներն առաջիկայում քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Քվեարկության արդյունքում նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am